Կարեն Կարապետյանը պապական տանն է հանգստանում, նա 200 հա նռան այգի հիմնելու խոստում է տվել
Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանգիստն անցկացնում է իր պապական տանը:
Արտակ Բեգլարյանը գրել է, որ երեկ հնարավորություն է ունեցել Արցախում կարճատև արձակուրդով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույց անցկացնել՝ իր թեկնածուական ատենախոսության համար:
«Հաճելի և պատվաբեր էր հյուրընկալվել Աստղաշեն գյուղում գտնվող նրա պապական տանը, որտեղ այս օրերին Կ. Կարապետյանը, իր հարազատների հետ միասին, անցկացնում էր հարաբերական հանգիստը: Այնպիսի տրամադրող միջավայր էր, որ հարցազրույցն արագորեն վերածվեց զրույցի՝ տարբեր թեմաների շուրջ՝ կառավարման մոտեցումներից ու կրթություն/գիտությունից մինչեւ սոցիալ-հոգեբանություն և հայկական արդի հիմնախնդիրներ: Արդյունքում ամրապնդվեց նրա մասին իմ հեռակա կարծիքը՝ որպես պարզ, անկեղծ, սրտացավ ու խորաթափանց մարդու:
Ուրախալի է տեսնել, որ նման պաշտոնյան իր արձակուրդն անցկացնում է Արցախում, հատկապես՝ իր հայրենի գյուղում: Ողջունելի էր, որ նա իր հանգիստը, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ միասին, համատեղեց կիսաշխատանքային շրջագայության հետ՝ ծանոթանալով Արցախում գործող տարբեր նախագծերի:
Ավելին՝ խորհրդանշական էին երկու վարչապետների այցը Թալիշ և մոտորանավակով զբոսանքը սահմանամերձ Մատաղիսի ջրամբարում:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի»,- գրել է Արտակ Բեգլարյանը: