ՌԴ-ում հայ վարորդների վարորդական իրավունքների հարցը դեռ լուծում չի ստացել. վարչապետի մամուլի խոսնակ
ԵԱՏՄ անդամ երկրների ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդրի, մասնավորապես ՌԴ-ում հայ վարորդների վարորդական իրավունքների ճանաչման հարցը դեռ չի լուծվել, բայց շարունակում է մնալ օրակարգում:
Այս մասին «Tert.am»–ին հայտնեց Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը՝ ասելով.«Վարչապետն այս հարցը բարձրացրել է, այն քննարկվել է, բայց դեռ լուծում չի ստացել ու մնում է օրակարգում»:
Ի պատասխան հարցի, թե ինչն էր Հայաստանում տևական ժամանակ ապատեղեկատվության և կառավարության կողմից այն չհերքելու պատճառը, Արամ Արարատյանն առաջարկեց այդ հարցն իրեն չուղղել, այլ միայն ասաց, որ կառավարության տարածած հայտարարության մեջ վարորդական իրավունքների հարցի մասին չի ասվում, թե լուծում է ստացել:
Մեջբերենք այդ հայտարարությունից մի հատված.«Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի բանակցությունների ընթացքին, աշխատողների կենսաթոշակային ապահովմանը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները»:
Նշենք, որ վարորդական իրավունքների ճանաչման վերաբերյալ տեղեկացրել էր «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը: