Փողոցային պայքարի նախադրյալներ առաջիկայում չկան. Սուրեն Զոլյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծում է, որ առաջիկայում չկան փողոցային պայքարի նախադրյալներ: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց առայժմ նման բան չի ուրվագծվում»,- այսպես արձագանքեց նա՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավոր է, որ աշնանն իշխանություններից դժգոհ ժողովուրդը դուրս գա փողոց:
Նկատեցինք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացին նախկինում քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցած եւ ծանրակշիռ ուժեր, ինչպիսիք են, օրինակ, «Հայ ազգային կոնգրեսը», «ժառանգությունը», «Համախմբումը», և հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, հնարավոր է, որ այս ուժերը միավորվեն կամ թեկուզ փորձեն առանձին-առանձին պայքարել իշխանությունների դեմ: «Չեմ կարծում, թե նրանք կմիավորվեն: Եվ դա ճիշտ կլինի, քանի որ նրանք տարբեր են իրենց անցած ճանապարհով:
Դժվար է կանխատեսելը, որ նրանք կմիավորվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե անգամ նրանք միավորվեն, ապա դա որևէ արդյունք չի տա, քանի որ նրանք ավելի նպաստավոր պայմաններում չկարողացան հակազդել գործընթացներին: Իսկ փողոցային պայքարը, ըստ նրա, ավելի կոշտ պայմաններ է ենթադրում, եւ նրանք, ովքեր ընդունակ են այդ կոշտ պայքարին, հայտնվել են բանտերում: Սուրեն Զոլյանը կարծում է, որ իշխանությունները բավականին հանգիստ եւ ինքնավստահ են, քանի որ հասարակության դժգոհությունը չի ազդում քաղաքական պրոցեսների վրա:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: