2017-ի առաջին կիսամյակում հարուցվել է 154 քրգործ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 1060 փաստաթուղթ, որից 506-ն ուղարկվել է հարկային կամ այլ մարմիններ:
ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով հարուցվել է 154 քրեական գործ: «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու փաստերով հարուցվել են 98, կանխամտածված սնանկության փաստերով՝ 25 քրեական գործեր»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:
Քրեական գործեր են հարուցվել նաեւ կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ ալկոհոլային խմիչքների, չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերով:
Ըստ Սամվել Սինանյանի, առաջին կիսամյակում աշխատանքներ են իրականացվել նաեւ քրեական գործերով գումարների վերականգնման ուղղությամբ. «Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության կողմից քրեական գործերով, նյութերով եւ փաստաթղթերով պետական բյուջե է վերականգնվել 1 միլիարդ 117 միլիոն դրամ»: Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է նաեւ 114 վարչական վարույթ՝ շուրջ 179 միլիոն դրամի չափով:
Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ 2017-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքներով և վարչարարության խստացմամբ, ինչպես նաեւ ստվերի դեմ պայքարով: