Հրաչյա Հարությունյանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու համար ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Հուլիսի 27-ին ՀՀ Հրաչյա Հարությունյանի հարցով միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ռուսական դատարանի դատավճիռը ճանաչելու համար:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Հրաչյա Հարությունյանի տեղափոխությունից հետո հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՌԴ դատարանի դատավճիռը Հայաստանի դատարանի կողմից ճանաչելու նպատակով: Դատական նիստը նշանակվելու մասին ծանուցում ՔԿՎ-ն դեռ չի ստացել»,- ասացին ՔԿՎ-ից:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանն Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:
Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով: ՌԴ-ում նա դատապարտվել էր 6 տարի 9-ը ամիս ազատազրկման: