Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի 20-ամյա զինծառայողը
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Նորաշեն գյուղի հարակից լողափում, քաղաքացի է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակները։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու ջրափրկարարները քաղաքացիների օգնութամբ լճից դուրս են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա բնակվում էր ՌԴ-ի Բաշկորկոստանի Հանրապետության Իշիմբայսկի մարզում և որպես պայամանագրային զինծառայող՝ ծառայում էր ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ N զորամասում։ Նա երեկ Սևան էր այցելել իր 2 ծառայակից ընկերների հետ և ջրահեղձ է եղել ծառայակիցների աչքի առջև։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Ռազմիկ Բոշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի Սևանի դատախազ Էդուարդ Հարությունյանը։