Հնդկաստանում 60 երեխա է մահացել՝ արհեստական շնչառության սարքի անջատվելու պատճառով
Հնդկաստանի հյուսիսում գտնվող հիվանդանոցում առնվազն 60 երեխա է զոհվել։ Նշվում է, որ արհեստական շնչառությունն ապահովող սարքերում օդի պաշարները չեն համալրվել հաշիվները չվճարելու պատճառով: Այս մասին գրում է «BBC»-ն։
Ութար Փրադեշ նահանգի իշխանությունները խոստովանել են, որ սարքավորումներով դադարել են օդ մատակարարել, սակայն ասել են, որ մահվան պատճառներն այլ են եղել։ Զոհերը հիմնականում նորածիններ են եղել կամ տառապել են էնցեֆալիտով (գլխուղեղի բորբոքում)։
Մահերը գրանցվել են երկու օրվա ընթացքում՝ Գորակհապուր շրջանի Բաբա Ռագհավ հիվանդանոցում։ Դրանցից 30-ը գրանցվել են հինգշաբթի և ուրբաթ։ Տեղի լրատվամիջոցները գրում են, որ հիվանդանոցում խուճապ է սկսվել, երեխաների հարազատները հիվանդանոցի աշխատակիցներին օգնել են ձեռքով պահել արհեստական շնչառությունն ապահովող սարքը։