Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեքի) տոնը
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապատն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։
Ապա; 14 օր անց; կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին; ինչից բերկրեց Մարիամ; և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց; որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ; որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից; և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին; որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։