Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին և անդրադարձել արցախյան հիմնախնդրին
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, որում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերի նախաձեռնման անհրաժեշտության, ռազմական բախումների հնարավորության նվազեցման հարցերին:
Ամերիկացի դիվանագետի կողմից տրված հարցազրույցն ինքնին արդեն ուշագրավ է մասնավորապես վերջին օրերին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նկատվող նոր լարվածության, ՌԴ նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության համատեքստում: Հայտնի է, որ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հարցում շահագրգռված է հիմնականում հայկական կողմը` ի տարբերություն Ադրբեջանի, որը ամեն կերպ խոչընդոտում է այդ հանաձայնությունները:
Այս տեսանկյունից, Հոգլանդի հնչեցրած մոտեցումը` վստահության ամրապնդմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ, ուղերձ են հենց հայկական կողմին: Խնդիրը նրանում է, որ ՌԴ նկատմամբ վաշինգտոնյան նոր պատժամիջոցները կվնասեն նաև Հայաստանի տնտեսությունը, ուստի պատժամիջոցների հետևանքների զսպման նպատակով Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական-քաղաքական գործակցությունը կկոնսոլիդացվի` նպաստելով երկկողմ շահերի մերձեցմանը: Հոգլանդի հայտարարությունը թերևս ուղղված է նրան, որպեսզի հայկական կողմը արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում ակնկալիքներ, հետևապես` որոշակի կախվածություն ունենա Վաշինգտոնից: Հարցն ակտուալանում է սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվող հերթական հանդիպման նախաշեմին, որից ըստ էության, դրական լուրջ տեղաշարժ սպասել առանձնապես պետք չէ:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք: