Ինչո՞ւ է Սերենա Ուիլյամսն ատում Շարապովային. պարզաբանում է Շարապովան
Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան իր ինքնակենսագրականում հայտնել է Սերենա Ուիլյամսի ատելության պատճառն իր նկատմամբ: Ինքնակենսագրականից մի հատված հրապարակվել է նրա թվիթթերյան պաշտոնական էջում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Շարապովան նշում է, որ Ուիլյամսը սկսել է իրեն ատել Ուիմբլդոնի մրցաշրջանի եզրափակչում պարտություն կրելուց հետո 2004 թվականին: Ռուս թենիսիստուհին ինքնակենսագրականում պատմում է, թե ինչ է տեղի ունեցել եզրափակիչ խաղից հետո հանդերձարանում:
«Ես փորձեցի այնտեղից փախչել որքան հնարավոր է արագ, սակայն ես վստահ եմ, որ Սերենան իմացավ, որ այնտեղ եմ: Մարդիկ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ես այդքան խնդիրներ ունենում Ուիլյամսի հետ խաղերում: Կարծում եմ, որ պատասխանը թաքնված է այն հանդերձարանում: Ես կարծում եմ՝ նա ինձ սկսեց ատել այն բանի համար, որ ես, փափուկ երեխա լինելով, հաղթեցի նրան, սակայն ավելի շատ սկսեց ինձ ատել այն ժամանակ, երբ լսեցի, թե ինչպես է նա արտասվում»,- նշել է նա ինքնակենսագրականում: