Նույնիսկ իմ կինն ա հղի վիճակով զենքը ձեռքը կռվել. եթե դրա համար են ինձ բերել դատում, խնդրեմ
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով նիստի ժամանակ ամբաստանյալ, ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը հայտարարեց, որ ինքը դատարանում ներկա ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչել և նրանց տեսել է միայն դատարանում:
«Ես կռվող տղա եմ ու չէի հելնի ազգի դեմ: Մենք երեք եղբայրով կռվել ենք պատերազմում, երկուսս դառել ա ինվալիդ, նույնիսկ իմ կինն ա հղի վիճակով զենքը ձեռքը կռվել: Եթե դրա համար են ինձ բերել դատում, խնդրեմ», - հայտարարեց Սարիբեկյանը:
Նկատենք՝ Հարություն Սարիբեկյանն այն ամբաստանյալն է, որի տունը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանին մերձ գյուղերից մեկում, որտեղից էլ, ըստ մեղադրանքի, ծրագրվել է 1.5 կիլոմետր հեռավորությունից խոցել նախագահի ինքնաթիռը:
Իր խոսքում Սրիբեկյանը նաև անդրադարձավ մեղադրանքի այդ հատվածին.
««Մուխա»-ի խոցելիության ռաստայանին 350-400 մետր ա ու, բացի էդ, ես էդքան հիմար չեմ, որ իմ տան մոտից խփեմ նախագահի ինքնաթիռին, կամ իմ ինչի՞ն ա պետք խփել նախագահի ինքնաթիռին: Կամ «ПК» պյուլիմոտը, ո՞ւր ա էդ «ПК» «պյուլիմոտը», թող բերեն ցույց տան… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը, կողմերին լսելուց հետո, որոշեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ կարգը՝ սկզբում կլսեն այս գործով անցնող 11 մեղարդյալների, այնուհետև վկաներին: Նրանց լսելուց հետո կհետազոտեն գործում առկա փաստաթղթերը, այնուհետև ցուցմունքներ կտան ամբաստանյալները: Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 18-ին: