Ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությունը քամուն տալիս պետության փողերը
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մասնավոր լրատվամիջոցները մեզանում հիմնականում կուսակցական պատկանելիություն ունեն և նրանց դեպքում որոշ առումներով ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանների ու էժանագին հաղորդումների առկայությունը վերապահումներով արդարացված է: Նրանց գերխնդիրը բարձր դիտելիությամբ հաղորդումներով եթեր լցնելն է, անգամ, եթե հառուստադիտողին մատուցվողն «աղբ» է, քանի որ մասնավոր հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են կոմերցիոն միջոցներով. որքան մեծ լսարան, այնքան թանկ եթերաժամանակ:
Նույնը չի կարելի ասել Հ1-ի մասին: Վերջինիս ֆինանսական միակ աղբյուրը պետությունն է: Հայկական լրատվական դաշտը առանց այն էլ չի փայլում իր կատարելությամբ ու պրոֆեսիոնալիզմով, նման պարագայում անհամեմատելի բարձր դիրքում պետք է կանգնած լիներ Հ1-ը: Սակայն այդ պրոֆեսիոնալիզմը դժվար թե լրատվադաշտում նոր-նոր առաջին քայլերն անողները կարողանան դրսևորել. նրանցից շատերը ունեն մեծ պոտենցյալ, բայց չունեն բավարար փորձ: Ասել է թե հում կավը մինչև չձևես ու չթրծես կուժ չի դառնա: Հանրային հեռուստաընկերությունը լինելով մեր երկրի միակ հանրային մոդելի ալիքը պետք է իր ամուր դիրքերն ունենա և հաստատուն բարձր մակարդակի վրա լինի լրատվադաշտում:
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականում վերջերս կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, ինչի հետևանքով փորձառուներն իրենց տեղը զիջեցին նորեկներին, որոշների դեպքում էլ՝ անփորձներին: Հանրայինի եթերը ինչպես ժամանակին էր, պետք է լցված լինի պրոֆեսիոնալներով:
Սկսնակների մոտ թերություններն ակնհայտ են: Եթերի ժամանակ նրանց ունեցած ակնհայտ լարվածությունը փոխանցվում է հեռուստադիտողին, իսկ կիքսերի ժամանակ հաճախ չեն կարողանում ինքնակառավարվել, ինչի արդյունքում նոր սխալներ են թույլ տալիս՝ տապալելով եթերը:
Տվյալ պարագայում հարց է առաջանում. Հանրային հեռուստաընկերությունն ինչպե՞ս է վատնում պետության գումարները: Ի վերջո Հ1-ի ֆունկցիան ոչ թե որոշների համար լրատվադաշտում ճանապարհ հարթելն է, այլ բարձրորակ ու օբյեկտիվ լրատվություն մատուցելը: Սկսնակները միշտ էլ ինքնահաստատվելու ու կատարելագործվելու ավելի լայն հնարավորություններ ունեն մասնավոր հեռուստաընկերություններում, իսկ Հանրային հեռուստաընկերությունը պետք է պետական բյուջեից ստացված միջոցները իրենց նպատակին ծառայեցնի:
Լրագրության պետական դիպլոմ ունենալը դեռ լավ մասնագետ լինելու երաշխիք չէ: Ամեն տարի միայն ԵՊՀ լրագրության բաժինը 100-ից ավելի (առկա և հեռակա) շրջանավարտ է տալիս, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանք պատրաստի կադրեր են: Մի համալսարանում, որտեղ պրակտիկ գիտելիքներ չեն տալիս, միայն տեսական գիտելիքներով կարելի է նույն համալսարանում դասախոս դառնալ, ոչ թե ոլորտում փայլել: