Առջևում ՓՊ-ի նախագահի ընտրություններն են․ հավանական թեկնածուները դեռ չեն կողմնորոշվել. hraparak.am
«Hraparak.am»-ը գրում է. Սեպտեմբերի 9-ին տեղի կունենան Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ։ Փաստաբանների առաջադրման կամ ինքնաառաջադրման համար 5 օր ժամանակ է տրամադրված՝ օգոստոսի 12-ից մինչև 17-ը։ Թեկնածուների քարոզչությունն էլ տևելու է օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 7-ը։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեռ չի կողմնորոշվել` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ, ինչպես ինքը մեզ հետ զրույցում ասաց՝ այդ հարցին կկարողանա պատասխանել միայն այս շաբաթվա վերջում։
Հարցին, թե փաստաբանների պալատում տիրող լարված մթնոլորտում հնարավո՞ր է օբյեկտիվ ընտրություններ անցկացնել, Զոհրաբյանը պատասխանեց․ «1851 փաստաբանի մեջ 10-15 փաստաբանի անհանդուրժող կեցվածքը չի կարելի ամբողջ փաստաբանական համայնքին վերագրել և դա չի կարող ցնցումներ առաջացնել: Այսօր խոշոր փաստաբանական գրասենյակներ կան, որոնց մոտ 10-30 փաստաբան է աշխատում: Հիմա ինչ կստացվի, որ մի փաստաբանական գրասենյակ կարող է ամբողջ փաստաբանների պալատը ցնցումների ենթարկել, եթե հայացքների տարբերություն ունենան: Ի վերջո, ընտրությունների միջոցով են փաստաբաններն իրենց վերաբերմունքն արտահայտում: Փաստաբանների պալատում ընտրությունները մշտապես կազմակերպվել և անցկացվել են օրինական: Դա է ժողովրդավարական քաղաքակիրթ ձևը: Փաստաբանները գրագետ մարդիկ են, իրենց չի կարելի վախեցնել: Փաստաբանը կլսի միայն համոզիչ և վստահելի փաստարկը: Վստահ եմ, որ փաստաբանների միջավայրում հնարավոր է օբյեկտիվ ընտրություն կատարել»:
2013 թ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցած Տիգրան Աթանեսյանը այս անգամ ոչ առաջադրելու է իր թեկնածությունը, ոչ էլ պատրաստվում է մասնակցել քվեարկությանը․ «Ես չեմ համարում, որ այդ կառույցը ունի ապագա, էական էլ չի՝ ով կլինի նախագահը այդ կառույցում։ Ինքը ենթակա է արմատական բարեփոխման, իմաստ չունի մասնակցել»։
Միեւնույն ժամանակ, Տիգրան Աթանեսյանը հավանական է համարում, որ եթե Արա Զոհրաբյանը առաջադրի իր թեկնածությունը, կվերընտրվի։ «Ես ցավով պետք է ասեմ, որ մեր փաստաբաններից շատերը գիտակցված ընտրություն չեն կատարում կամ քվեարկում են մեխանիկորեն, դա ցույց է տվել խորհրդի ընտրությունները եւ հավանական եմ համարում, որ կվերընտրվի»։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, Սահակյանն ասաց, որ դա պարզ կլինի օգոստոսի 17-ին, այս պահին ոչինչ չի կարող ասել։