Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել ԼՂ հակամարտությունը. ամերիկացի վերլուծաբաններ
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռևս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել:
Հերբսթը նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպումը կրելու է հիմնականում խորհրդանշական բնույթ.«Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որևէ հիմք»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը. նշել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը: «Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն, հավանաբար, արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»,-ասել է նա:
Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջնային է, սակայն, դրա կարգավորման մեջ Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում«Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե չլինի հակամարտություն, չի լինի նաև այդ դերը»,-ասել է նա: