«Պատանի լրագրողների» դպրոցում տեղի ունեցած սպանության գործով վկան ցուցմունք է տվել
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց «Պատանի լրագրողների» դպրոցի աշխատակիցներից Անահիտ Սուքիասյանը՝ դպրոցում 2016թ. հոկտեմբերի 19-ին 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով դատական նիստին:
Սուքիասյանի խոսքերով սպանության օրը «Պատանի լրագրողների» դպրոցում աշխատանքի է եղել, երբ երկու տղա են եկել և մտել տնօրենի՝ Վահան Ղազարյանի սենյակ, որից հետո հայհոյանքներ են սկսվել, կռիվ։
«Հետո ապակու կոտրվելու ձայն լսեցինք, այդ պահին աշխատակիցներից Գևորգը վազեց նրա աշխատասենյակ, հետո եկավ շոկի մեջ էր, բան չէր կարող ասել։ Հայհոյանքներից հետո Վահանը դուրս եկավ, ներողություն խնդրեց, հետո ուշ ժամի զանգեց էլի ներողություն խնդրեց ինձանից։ Հետո իմացա, որ աշխատավարձի խնդիր է եղել, այդ հարցի շուրջ կռիվ է եղել, թե ինչ է եղել հետո, ես լրատվամիջոցներից եմ իմացել, թե ինչ է եղել։ Հետո իմացել եմ, որ Լևոնը ցանկացել է իմ տեսախցիկը վերցնել աշխատավարձի փոխարեն։ Ես Արեգնազին էլ չէի ճանաչում, որովհետև, երբ ես աշխատանքի ընդունվեցի, նա արդեն դուրս էր եկել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև վիճաբանությունը սկսվել էր Լևոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լևոնի նշանածը՝ Սևան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել և կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի և թոքի վնասվածքներով Լևոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Այժմ Ղազարյանը գտնվում է կալանքի մեջ: