ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Գ և Ժ» ՍՊԸ-ի նախատեսվող արտահանմանը խոչընդոտելու առնչությամբ
Երեկ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տեսանյութ էին տեղադրել, որտեղ «Գ և Ժ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը` Ժորա Գասպարյանը մեղադրում էր ՊԵԿ-ին ՍՊԸ-ի կողմից նախատեսվող արտահանմանը խոչընդոտելու համար:
Այս առնչությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հայտնում է, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ի պատասխան ընկերության դիմումի կոմիտեն առաջարկել է ներկայացնել տեղեկատվություն տվյալ խմբաքանակի օբսիդիանի ծագման վերաբերյալ, ինչի համար հիմք է հանդիսացել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերով և 20-րդ հոդվածով սահմանված դրույթները, որոնց համաձայն, ընդերքի որոշակի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքներ իրավունք ունեն իրականացնել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից ստացել են օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն, իսկ նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, օբսիդիանի արդյունահանման և վերամշակման թույլտվություն (ընդերքաօգտագործման իրավունք) նշված կազմակերպությանը չի տրամադրվել:
Նշենք նաև, որ այլ օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում թափոնի տեսքով գոյացած օբսիդիանի ծագման հնարավորությունը հաշվի առնելով` ուսումնասիրվել և պարզվել է, որ բացակայում է նաև «Գ և Ժ ընկերներ» ՍՊ ընկերությանը վաճառող կազմակերպության («Գրանդ Բլեք Սթոն» ՍՊԸ) վերաբերյալ տեղեկատվություն, որը սահմանված կարգով պետք է ունենար որևէ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, ինչն իրավունք կտար ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքներ:
Դեռ ավելին, «Գրանդ Բլեք Սթոն» ընկերության նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին), որի շրջանակներում քննիչի որոշմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականցնում է ստուգում:
Իրականության հետ կապ չունեն նաև ընկերության ներդրումների մասին պնդումները` ընթացիկ տարվա հուլիսին գրանցված ընկերությունը որևէ սարքավորման ներմուծում և հանրապետության ներսում էլ ձեռքբերում չի իրականացրել: