Հերթական միջադեպը «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբավորման 18 անդամների գործով դատական նիստին հերթական միջադեպն է գրանցվել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ նիստերի դահլիճ իրենց պաշտպանյալներին բերելու մասին: Ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց նիստերի դահլիճը լքելու մասին, ինչից հետո վերջինիս նկատմամաբ դատական սանկցիա կիրառվեց և իրեն հեռացրին նիստերի դահլիճից:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը նույնպես հեռացվեց դահլիճից՝ դատարանի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի պատճառաբանությամբ: Վերջինիս պաշտպանը՝ Հայարփի Սարգսյանը նշեց, որ որոշումն անօրինական է և արգելեց պաշտպանյալին հեռանալ նիստի դահլիճից: Հարությունյանը հեռացվեց ոստիկանների կողմից:
Դրանից հետո Հովհաննես Հարությունյանի մայրը սկսեց հարվածել ապակիներին, ինչին հետևեցին նաև մյուս քաղաքացիները: Արտու՛ Գաբրիելյանը ընդմիջում հայտարարեց: