Նոր մանրամասներ՝ Դավթաշենում տեղի ունեցած պայթյունից. ի՞նչ է եղել իրականում
Այսօր՝ օգոստոսի 2-ի երեկոյան, Դավթաշենի տներից մեկի բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 երիտասարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Operativ.am-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել երկու երիտասարդների կողմից արկի գլխիկը սղոցելու հետևանքով։
Երիտասարդներից մեկը 25 տարեկան է, իսկ մյուսը՝ 17։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նրանցից մեկը մահացել է։
Տեղում աշխատում են Ոստիկանության, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և պայթյունի հարևանությամբ բնակվող բնակիչները: