«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ն ավարտվեց
Հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ 7 օր շարունակ մասնակիցները կենցաղ կիսեցին Սևանի ափին՝ վրաններում։ Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների և հյուրերի, որոնց թվում էին՝ 100 ստարտափներ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմեց ավելի քան $45,000, որը բաշխվեց 18 թիմերի միջև։
Բացի գումարային մրցանակներից, սամմիթի մասնակիցները ստացան բացառիկ հնարավորություն շփվել բազում հաջողակ ստարտափերի և բիզնեսմենների հետ։ Այս տարի բացի հրավիրված ամենօրյա դասախոսներից կիրառվեց նաև «CampFire Talks» ֆորմատը, որտեղ հաջողակ բիզնեսմենները խոսում էին իրենց հաջողության ճանապարհի մասին՝ խարույկի շուրջ։ Այդ ձևաչափով խոսակցությունները նաև օգնեցին սամմիթի մասնակիցների նոր կապեր ձեռք բերել, որը հետագայում կարող է նպաստել ստարտափի զարգացմանը։
3 մրցութային օրերի ընթացքում անցկացվեցին 7 մրցույթներ։ Սամմիթի գլխավոր աջակից «Բիլայն Հայաստան»-ի շնորհիվ Սևանում հնարավոր դարձավ անցկացնել 24-ժամյա ծրագրավորողների կոդավորման մրցույթ։
Սամմիթի գլխավոր գործընկեր «Ամերիաբանկ»-ը շնորհեց «Big Battle»-ի գրան պրին՝ $8000, որը հաղթող թիմը խոստացավ չհուսահատեցնել իրեն հավատացողներին։ Այդ թիմը «ANIX»-ն էր, որի գաղափարը հաճախորդների սպասարկման որակը բարելավելն է։ Նշենք, որ բոլոր մրցույթների հաղթողներին որոշել են այդ ոլորտում հաջողության հասած մարդիկ, ովքեր ընդգրկվել են 4-6 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում։