«Գառնի» այցելող օտարերկրացիներն այսուհետ կվճարեն 1500 դրամ, ՀՀ քաղաքացիները՝ 500 դրամ. Tert.am
Մշակույթի նախարարության որոշումով՝ օգոստոսի 1-ից որոշ պատմամշակութային արգելոց-թանգարանների՝ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլն, մուտքի վճարները կավելանան: Այս մասին «Tert.am»-ին ասաց «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Արամ Բաբայանը, ով շեշտեց, որ փոփոխությունները տեղի են ունենում պատմամշակութային արգելոց-թանգարանների համակարգում:
Կոնկրետ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի գինը արտերկրից այցելուների համար ներկայիս 1200 դրամի փոխարեն սահմանվել է 1500 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիները 250 դրամի փոխարեն կվճարեն 500 դրամ: Թանկացել են նաև ծառայությունների գները, օրինակ՝ հայերեն լեզվով և օտար լեզվով էքսկուրսիայի գինը 2500 դրամից դարձել է 4000 դրամ:
«Դա ընդհանուր հրաման է, վաղն արդեն ծառայությունների համար կոնկրետ կտրամադրեն տոմսերը նոր սակագներով»,- ասաց նա:
Թե ինչի՞ հիման վրա են գները բարձրացրել, արդյոք նոր ծառայություններ են ավելացվել, Արամ Բաբայանն ասաց, որ առայժմ փոփոխություններ չկան: «Ոչ, չկա, ոնց 20 տարի առաջ է, նույնը հիմա»,- ասաց նա և նշեց, թե այսուհետև կունենան բողոքների և առաջարկությունների մատյան, որը որոշ ժամանակ հետո արդեն կհասկանան, թե ինչից են գոհ կամ դժգոհ այցելուները և կփորձեն կարգի բերել:
Արամ Բաբայանը նշեց, որ մասնաճյուղը ենթարկվում է պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության միջավայրի ծառայության ՊՈԱԿ-ին, որտեղ էլ գինը հաստատվել է: Նա նշեց, որ երկու տարի առաջ էր, որ օտարերկրյա քաղաքացիների համար գինը 1000 դրամից դարձել էր 1200 դրամ: «Դե 1500-ը էլի ոչինչ, որովհետև համեմատելով օտար երկրների արգելոց-թանգարանների հետ, էլի էժան է, այսինքն՝ արտասահմանցու համար դա հեչ բան է, բայց մեր տեղացի այցելուների համար շատ է: Հետո դեռ կանոնակարգված չէ, ինչպես մեր աշխատողը ոնց է անելու, անձնագիր է պահանջելու, թե ինչ»,-ասաց նա: