Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի բնակարանի հարցով կրկին դիմել են Վճռաբեկ դատարան. ՍԴ-ն բավարարել է նրա քրոջ բողոքը. Tert.am
«Tert.am»-ը գրում է. Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի և նրա քրոջ՝ Ալվարդ Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող բնակարանի ժառանգության հարցը դեռ դատարանում է: Այս հարցով Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ալվարդ Գրիգորյանը, դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1 հոդվածի առաջին մասի 5-րդ կետը: Մեկ այլ հայցով էլ դիմում է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալվարդ Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Այվազյանը:
«Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ չէր ընդունել: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1 հոդվածի առաջին մասի 5-րդ կետը համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այնպիսի սահմանադրաիրավական բովանդակություն ունի, համաձայն որի վճռաբեկ բողոքը չպետք է վերադարձվեր:Նույն որոշման երկրորդ կետի համաձայն՝ դիմողների նկատմամբ կայացած վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1 հոդվածի առաջին մասի 5-րդ կետով դիմողներ Ալվարդ ու Քաջիկ Գրիգորյանների նկատմամբ կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանություն»,-ՍԴ որոշման մասին հայտնեց Այվազյանը:
Փաստաբանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Քաջիկ Գրիգորյանն ինքնահրկիզման հետևանքով մահացել է, Վճռաբեկ դատարանն էլ գործը վարույթ չի ընդունել միայն այն պատճառաբանությամբ, որ պատասխանող կողմին նամակ չի հասել. «Նամակ էինք ուղարկել, մենք ծրարի վրա ճիշտ հասցե էինք նշել, բայց Հայփոստի աշխատողը երևի շտապելուց այլ հասցեով՝ 32 փոխարեն 23 է գրել, ինչն էլ սխալի պատճառ է դարձել»:
Մանրամասները՝ այստեղ.