«Այո սպանել է, բայց եկեք քննարկենք պատճառները...» այս դիսկուրսը մեխ է իրավական պետության դագաղին
Ցանկացած հանցագործ ունի իր արդարացումը։ Մեկը գողությամբ երեխա է պահում, մյուսը՝ իր ինքնասիրությունը վիրավորողին է սպանել, մեկ ուրիշը համոզված է, որ այս իշխանությունների օրոք գնահատված չէ և սպանում է իր հետ անհամաձայն մարդկանց, մյուսը մեքենայով շտապում էր հիվանդ հոր մոտ, սակայն վրաերթով կյանք խլեց, մի ուրիշը օլիգարխի խանութն է կողոպտել, զենքով սպառնալով վաճառողին...
Հավատացեք, բոլոր հանցագործներն էլ ունեն սրտաճմլիկ (երբեմն ճշմարիտ) պատմություններ։
Իրավաբանականի առաջին կուրսում սովորեցնում են իրավական պետության այբուբենը։ Մարդուն իրավաբանը պետք է գնահատի բացառապես արարքով, այլապես ցանկացած հանցագործ իրեն կարող է համեմատել Սողոմոն Թեհլերյանի հետ, փողի համար ընկերոջը սպանածին կհերոսացնեն, որովհետև մարդասպանի սիրուհին ցանկանում է ամեն գնով իր սիրեկանին բանտից հանել, մեկ շնչին բաժին ընկնող «հերոսի» քանակով մեր երկիրը աշխարհում արդեն անվիճելի առաջատար է, իսկ արդարադատությունը բռնաբարվում է անբարեխիղճ պաշտոնյաների հուզիչ «սլիվերի» արանքում։
Մեր երկրում, ֆեյսբուքյան «դատավորներն» իրենք են որոշում հանցագործ է, թե հերոս։ Ընդ որում արարքը երբեք չի քննարկվում։ «Այո սպանել է, բայց եկեք քննարկենք պատճառները...» այս դիսկուրսը մեխ է իրավական պետության դագաղին։
Նարեկ Մալյան. Ֆեյսբուք: