Երկիրը շատ վատ վիճակի մեջ է. Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա. գնդապետ
Այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ երկիրը շատ վատ վիճակի մեջ է, անվտանգության խնդիր կա:
«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ–ի ղեկավարը և ՀԿ–ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանն այսօր հայտարարել են, որ ցանկանում են գրասենյակ բացել և զբաղվել ազտամարտիկների խնդիրներով։
Գագիկ Սարուխանյանը նշել է, որ խնդիրները երկրում այնքան շատ են, որ, կարծես թե, ձնագնդիի նման ամբողջը խառնվել է իրար, և դա վերաբերում է բոլոր ոլորտներին. «Չնայած սրան, այս ամբողջը չպետք հիասթափեցնի, և մենք ամեն ինչ անելու ենք պետականաշինության համար»։
Նա հայտարարել է, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը չի ներկայացնում ժողովրդի շահը: «Մենք հիմնել ենք «Արժանապատիվ ազատամարտիկների» հիմնադրամը և, համալրելով «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ-ի աշխատանքը, շարունակելու ենք մեր գործունեությունը»,-ասել է նա:
Անդրադառնալով արցախյան հիմնահարցին՝ Սարուխանյանը նշել է, որ իր համար Արցախը Հայաստանի մաս է: «Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա»,-ասաց նա և նշեց, որ գտնում է, թե զինադադարից հետո լայնամասշտաբ պատերազմը չի էլ դադարել՝ հաշվի առնելով առկա զոհերը:
Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ ցանկանում են ազգի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնել: «Մեր նպատակը հայրենասիրության քարոզարշավ իրականացնելն է Հայաստանի ամբողջ տարածքում և, ամենակարեւորը՝ զորամասերում, զինծառայողներին բացատրենք, որ ծառայում են հայրենիքի, ոչ թե որեւէ մեկի համար և պետք է անշահախնդիր ծառայեն»,-ասաց նա:
Ըստ նրա՝ հնարավոր է երկրում ամեն ինչ ուղղել, պարզապես պետք է ցանկություն ունենալ, եւ յուրաքանչյուր հայ այդ ծանրությունը պետք է վերցնի իր վրա: «Ցանկանում ենք համայն հայությանը տեղեկացնել, որ երկիրը շատ վատ վիճակի մեջ է, անվտանգության խնդիր կա»,-ասել է նա: