Հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր կտրամադրվեն
Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հայտնեց, որ ինչպես մսամթերք, այդպես էլ հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցներին սեպտեմբերի 1-ից սանիտարական անձնագրեր կտրամադրվեն:
Տեսչության պետը, ամփոփելով 2017 թ.-ի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողության արդյունքները, ընդգծեց, որ հանրային սննդի օբյեկտներում խախտումների քանակը նվազեցնելու ուղղությամբ ՍԱՊԾ-ն համապատասխան աշխատանքներ է իրականացնում:
«Հանրային սննդի կետերի նկատմամբ մեր կողմից իրականացվում է վերահսկողություն: Մենք կարող ենք նրանց գործունեությունը կասեցնել և ժամանակ տալ շտկումներ իրականացնելու համար: Եթե ասենք, որ աշխատանք չենք իրականացնում, սխալ կլինի, կամ եթե ասենք՝ այնքան է գործողությունների քանակը, որ ամեն քայլափոխի կարող ենք տեսանելի արդյունքի հասնել, այդպես չէ:»,-ասաց նա:
Որպես տեսանելի արդյունք՝ Դանիելյանը առանձնացրեց ուղեկցող փաստաթղթերի հետ խանութների վրա կախված մակնշումները: