«Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերը գրավ կդրվեն
Այսօր՝ հուլիսի 27-ին, Կառավարությունը «Տաշիր կապիտալին» թույլ տվեց գրավ դնել «Հայաստանի էլեկտրացանցերի» բաժնետոմսերը՝ խոշոր վարկ ստանալու համար:
«Էլեկտրացանցերի» սեփականատեր «Տաշիր կապիտալը» գրավ կդնի բաժնետոմսերի 70 տոկոսը (69,9999594 տոկոս), որպեսզի վարկեր ստանա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից:
Ինչպես հուլիսի սկզբին հայտնել են «Էլեկտրացանցերից», Ասիական զարգացման բանկի խորհուրդը հաստատել է իրենց 80 մլն դոլար վարկի տրամադրումը: Իրենց նույն ժամանակ և նույքան վարկի տրամադրումը հաստատել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: 80-ական մլն դոլարի այս 2 վարկերը ներգրավվում են 2016-2020 թվականների համար մինչեւ 200 մլն դոլարի ներդրումային ծրագրերն իրականացնելու համար՝ ուղղված բաշխիչ ցանցի աշխատանքի բարելավմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը:
«Տաշիր կապիտալը» «Տաշիր» ընկերությունների խմբի մասն է, որի սեփականատրն է ռուսաստանցի միլիարդատեր հայազգի Սամվել Կարապետյանը: