ՌԴ-ն որևէ շահ չունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը նախաձեռնել. Սերգեյ Շաքարյանց
Այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսելով Պուտին-Ալիև վերջին հանդիպման, Սիրիայի հակամարտության մեջ Ադրբեջանին մեղսագրվող արարքների, ինչպես նաև տարածաշրջանի վրա սիրիական հակամարտության ազդեցության մասին:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը նախաձեռնել:
Նա հիշատակեց հուլիսի սկզբներին արտգործնախարարի հանդիպումը, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկություն էին հայտնել կազմակերպել հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումը բարձր մակարդակով:
«Նրանք ասել են՝ եկեք պայմանավորվենք, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպեք, ասում են՝ դուք եկեք պայմանավորվածության: Դրանից ենթադրում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ այդ թվում Ռուսաստանը, ցանկանում են, որ հակամարտող կողմերը պայմանավորվեն հանդիպումների համար, այլ ոչ թե իրենք կազմակերպեն»,- ասաց Շաքարյանցը:
Քաղաքագետը ֆրանսիական կողմի հայտարարություններն էլ, թե ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին բանակցային սեղանի շուրջ բերել, արժանահավատ չհամարեց և չհավատաց, նշելով, որ ոչ այն ժամանակ Օլանդի խոսքերին էր հավատում, ոչ էլ այժմ Մակրոնի խոսքերին, որ ցանկանում են անել դա: Նշեց, որ Ֆրանսիան այլևս ինքնուրույն չի գործում ԼՂ հիմնախնդրում, այն առավել շատ ներկայացնում է ԱՄՆ-ի դիրքորոշումը:
«ԼՂ հիմնախնդրում ես ընդգծում եմ ԱՄՆ-ի և ՌԴ-ի դիրքորոշումը և Իրանի ցանկացած հայտարարություն ԼՂ հիմնախնդրի մասին»,- ասաց նա: