Մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որտեղ շատ անապահով ընտանիքներ դուրս են մնում «Փարոս» համակարգից. նախարար
Այսօր՝ հուլիսի 25-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ «Փարոս» համակարգի գումարները կենսաթոշակներին հատկացնելով՝ չեն կարողանա մեծ խնդիրներ լուծել:
«Մենք կենսաթոշակ տրամադրում ենք կենսաթոշակի իրավունք ձեռք բերած մեր այն քաղաքացիներին, տվյալ դեպքում՝ համապատասխան տարիքի հասած, համապատասխան ստաժ կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Իսկ «Փարոս» համակարգով կամ անապահովության համակարգով գնահատվում է այն ընտանիքների անապահովությունը, որոնք դիմում են՝ համարելով, որ իրենք անապահովության շեմին են և պետության աջակցության կարիքն ունեն»,- ասաց Ասատրյանը:
Նախարարի խոսքերով՝ իրականացվում է կարիքների գնահատում, և դրա շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում այնպիսի ընտանիքների, որտեղ կենսաթոշակառուներ չկան:
«Այլ է խնդիրը, որ այն ընտանիքներում, որտեղ որ մենք չենք տեսնում եկամուտները, բնականաբար համակարգը չի կարող ամբողջությամբ եկամուտները տեսնել, ունենում ենք շեղումներ: Այսինքն՝ մենք ունենում ենք մի իրավիճակ, որտեղ անապահով կարող են համարվել համակարգով, իրականում՝ ապահովված լինել և հակառակը՝ շատ անապահով ընտանիքներ դուրս մնան ծրագրից»,-պարզաբանեց Արտեմ Ասատրյանը:
Անդրադառնալով կենսաթոշակային խնդիրներին՝ նա ասել է, որ բեռնվածության գործակիցը բավականին բարձր է՝ մեկ աշխատող-մեկ կենսաթոշակառու հարաբերակցությամբ, իսկ կենսաթոշակների, ինչպես նաև բոլոր ծախսային ծրագրերի վճարումներն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: