Վիգեն Սարգսյանը «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ քննարկել է զինծառայությունը ՀՀ-ում անցկացնելու հարցը
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 5-ին, ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակիցների:
Ողջունելով երիտասարդներին, Վիգեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրել է Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարեւորագույն ձեռքբերումները։
Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանող երիտասարդներին ո´չ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը տեսնելու, այլև ռազմաուսումնական հաստատություններ ու զորամասեր այցելելու, զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռվում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք առավելապես վերաբերում էին Հայկական բանակի հետագա հզորացմանն ու խաղաղության պահպանմանը, ինչպես նաև զինվորական ծառայությունը Հայրենիքում անցկացնելու հնարավորություններին: