Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել է «Լրագրողների բարեկամ» մրցանակին
Ազգային մամուլի օրվան նվիրված՝ լրագրողներին նորակառույց շենքում բնակարանների հանձնման արարողության ժամանակ Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովը հայտարարել է, որ Ալիևն արժանացել է «Լրագրողների բարեկամ» մրցանակին: Այս մասին գրում է «АПА» գործակալությունը:
Նրա խոսքով, ԶԼՄ-ների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ խոսքի ու մամուլի ազատության, ԶԼՄ-ներին աջակցության, նյութատեխնիկական բազայի ամրապնդման, լրագրողների պաշտպանության և նրանց բնակկենցաղային պայմանների բարելավման ոլորտում երկարատև քաղաքականության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել է՝ «Լրագրողների բարեկամ» մրցանակին:
Այնուհետև Ա. Ամաշովը պետության ղեկավարին է հանձնել մրցանակը:
Նշվում է նաև, որ Մամուլի խորհուրդը և Լրագրողների պաշտպանության «Ռուհ» հասարակական միավորումը հունիսի 20-ից մինչև հուլիսի 15-ը՝ հարցում են հայտարարել զանգվածային լրատավամիջոցների շրջանում՝ 2017 թ. «Լրագրողների բարեկամ» մրցանակի հանձնման համար: Այդ նպատակով Մամուլի խորհրդում աշխատանքային խումբ է ստեղծվել: