Ճապոնիայի առաջին տիկինը չի ցանկացել Թրամփի հետ անգլերեն խոսել
Ճապոնիայի վարչապետի կնոջը՝ Ակի Աբեին կասկածում են անգլերենի իմացությունը թաքցնելու մեջ, որպեսզի 2 ժամ տևած ճաշի ընթացքում չհաղորդակցվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Թրամփը հայտնվել է ճապոնացի վարչապետի կնոջ կողքին վերջերս Համբուրգում տեղի ունեցած «G20»-ի գագաթաժողովի ճաշի ընթացքում։
Արդյունքում ԱՄՆ նախագահը հարցազրույցներից մեկում նշել է, որ Ակի Աբեի հետ իր շփումը չի ստացվել, քանի որ վերջինս չի խոսել անգլերեն, և նույնիսկ չի կարողացել բարևել իրեն։
Միևնույն ժամանակ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Ճապոնիայի վարչապետի կինը բավական վարժ հանդես է գալիս անգլերենով հանրային միջոցառման ժամանակ։