ՊՆ-ն գաղտնազերծել է առողջական խնդիրներով զորակոչվածների զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը
2017 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք:
Հուլիսի 20-ին կայացած դատական նիստում կողմերը հանդես եկան բացման խոսքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը պնդեց հայցապահանջը: Իսկ ՊՆ ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պահանջվող տեղեկատվության գաղտնազերծման նպատակով: