Պետական մարմիններին բենզին մատակարարող ընկերությունը լուծարման գործընթացում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները՝ բենզինի և դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերություն, որտեղից հաստատեցին փաստը:
Ընկերության հաշվապահը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: Նշենք, որ «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը ժամանակին բենզինի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել, որի չարաշահման համար նույնիսկ 2012 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 100 մլն դրամի չափով տուգանվել է:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց ՏՄՊՊՀ-ի 100 մլն դրամ տուգանքն էլ դարձել է ընկերության սնանկացման, ապա լուծարման պատճառ: Հիշեցնենք, որ 2008թ. ստեղծված «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը տևական ժամանակ նույնիսկ եղել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում:
Ընկերության հիմնադիրը Աշոտ Սալազարյանն էր. շատերին անծանոթ անուն, բայց նրանց հաջողվում էր մրցույթի միջոցով դառնալ պետական մարմինների բենզինի մատակարար: Հիմա սնանկացավ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: