Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղևորափոխադրումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղևորափոխադրումը: Նկատենք, որ թեև արտաքուստ երկաթուղու միջոցով Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արևելքի և արևմուտքի միջև կապը, բայց գործնականում սա լրջագույն հարված է Հայաստանի համար: Այդ ամենի հետևանքով Հայաստանը վերջնականապես դուրս մնաց հարևան երկրների հետ համագործակցության ծրագրից, ճիշտ այնպես, ինչպես շատ ավելի վաղ դուրս էր մնացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից:
Հայաստանի վրա այս երկաթուղու կառուցման բացասական հետևանքների մասին խոսվել է դեռ 2008 թվականից, երբ ներկայացվեց նախագիծը: Սակայն իշխանությունները սկզբում փորձում էին հանգստացնել, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Բայց արդեն այս տարվա հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե երկաթուղու կառուցումից հետո Երևանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղային փոխադրումների իրականացմանը: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունները դատապարտված են ձախողման»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: