Կինն ամուսնուց բաժանվել է նամակներին չպատասխանելու պատճառով
Թայվանի բնակչուհին կարողացել է դատարանով ապահարզան ստանալ՝ փաստարկներից մեկը համարելով ամուսնու կողմից պարբերաբար անտեսվող հաղորդագրությունները, որոնք ինքն ուղարկում էր նրան մեսենջերներով: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «BBC»-ին:
Լին ազգանունով 50-ամյա կինը իրենից մի քանի տարով փոքր տղամարդու հետ ամուսնացել էր 2012 թ.-ին: Նրա հետ կապի համար Լինը օգտվում էր Թայվանում մեծ տարածում ունեցող «Line» մեսենջերից:
Վերջին տարիներին ամուսինների միջև հարաբերությունները սառել էին, և տղամարդը դադարել էր պատասխանել կնոջ հաղորդագրություններին, չնայած կարդում էր դրանք:
Ամուսինը որևէ արձագանք չէր տվել նույնիսկ այն տեղեկությանը, որ իր կինը ավտովթարի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում:
Այդ ողջ ընթացքում ամուսինը կնոջը միայն մեկ հաղորդագրություն է ուղարկել, որում խոսք էր գնում ընտանեկան շան և այն մասին, որ կնոջ հասցեով ինչ-որ բան է ուղարկվել:
Լինը չնայած դրան բնակվում էր ամուսնու տանը վերջինիս մոր, փոքր եղբոր և նրա կնոջ հետ, վճարում էր տան գրեթե բոլոր հաշիվները, քանի որ ամուսինը մշտական աշխատանք չուներ: