Հաստատվեց ՀՀ միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը։
Ներկայացնելով նախագիծը՝ նախարարն ասաց, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Ըստ նախագծի՝ չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը: Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված չեն, և դրանց համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով:
Զեկուցողը նշեց, որ գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ և շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչը թույլ չի տալիս արդյունավետ կազմակերպել ուղևորությունը: Հիմնախնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ:
«Արձանագրային որոշման նախագծի ընդունման արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյուննավետությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք քննարկումներ եղել են:
«Ո՞ւմ համար ենք անում, օպերատորների հետ քննարկե՞լ եք»,-հարցրեց վարչապետը, իսկ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի քանիսի հետ քննարկել են։
«Մեծ մրցույթ ենք հայտարարելու, որ միջազգային օպերատորներն էլ մասնակցեն»,-հավելեց նախարարը: