Երևանում աղբահանության գործընթացում խափանումներ կան, հնարավոր է աղբի տեղափոխման ուշացումներ լինեն
Այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«Խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ. արդյունքում՝ միաժամանակ աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։
Պատճառն այն է, որ, թեև աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված հատուկ սարքերով, դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում, վերջինս վնասվում է։ Ընկերության աշխատակիցները, մասնավորապես՝ մեքենաների սպասարկման անձնակազմը, աշխատում են արտակարգ ռեժիմով՝ փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները»: