Արցախը ցանկանում է բրենդավորել որոշ ապրանքատեսակներ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է հիմնադրամի պատրաստակամությունը արցախյան ընկերություններին ներդրումային եւ արտահանման հարցերում աջակցելու գործում: Նա կարեւորել է կառույցի հետ ԱՀ համապատասխան մարմինների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման եւ փորձի փոխանակման նպատակով: Ա. Հարությունյանն առաջարկել է, արտահանման արդյունավետությունը բարձրացնելու եւ համապատասխան ծավալներ ապահովելու համար, զբաղվել նաեւ որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ, որպեսզի մի քանի ընկերություններ հնարավորություն ունենան միեւնույն ապրանքանիշի տակ արտադրանք թողարկել:
«Կարծում եմ՝ նման հնարավորության դեպքում վերամշակող ընկերությունները կարող են ավելի արդյունավետ աշխատել, քանի որ առանձին-առանձին հաճախ դժվարանում են արտահանման համառ ապահովել պահանջվող մեծ ծավալները»,- ասել է վարչապետը: Ա. Հարությունյանն ուշադրություն է հրավիրել նաեւ կառավարության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ նոր ծրագրեր են մշակվում Արցախում նռան եւ մեղրի արտադրության ծավալների մեծացումը խթանելու ուղղությամբ: Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ կատարված գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական կլիման եւ բուսածածկն ապահովում են նշված երկու ապրանքների որակյալ արտադրությունը:
Արմեն Ավակ Ավակյանը վարչապետին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտադրելով, որ ներկայումս հիմնադրամն իր աջակցության ծրագրերում ընդգրկում է արտահանման ուղղվածություն ունեցող արցախյան ընկերություններին: Նրա խոսքով՝ արդեն որոշ կազմակերպություններ ընդգրկվել են հայաստանյան եւ միջազգային ցուցահանդեսներում եւ գործարար համաժողովներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել արցախյան ընկերությունների համար: Անդրադառնալով հանդիպման ընթացքում վարչապետի կողմից արված առաջարկություններին՝ ՀԶՀ ղեկավարը նշել է, որ պատրաստ են գործնական քայլերի վերածել դրանք, քանի որ դրանք իսկապես կարող են լուրջ խթան հանդիսանալ փոքր ընկերությունների զարգացմանը: Արմեն Ավակ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել եւ խորացնել տեղի արտադրողների եւ Արցախի ներդրումային ու Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հետ համագործակցությունը՝ փորձի փոխանակման եւ փոխօգնության նպատակով: