Խայտառակություն. Սանահինում քանդել են եկեղեցու բակի տապանաքարը և նոր թաղում արել (լուսանկարներ)
Երեկ Սանահինում էի... Այն, ինչին ես ականատես եղա, վանական համալիրին հարող տարածքում և հատկապես ողջ կառույցի ամբողջությամբ, ինձ մեղմ ասած շոկի ենթարկեց: Պարզվում է՝ վանական համալիրին հարող տարածքում Զաքարյան իշխանների դամբարանի հենց հարևանությամբ բառացիորեն օրեր առաջ երկու պատմական տապանաքարեր տեղահանել և մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել։
Վանական համալիրի կտուրին, գմբեթներին ու պատերին անտառ է գոյանում, իսկ գմբեթարդի ծածկասալերը ժամանակին նորոգելու և անավարտ թողնելու հետևանքով կանաչ լույս է վառվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շուտափույթ և անարգելք փլուզման համար: Արդյունքում գմբեթից հոսող ջուրն ավելի է վնասում լանջերը և տակին գտնվող թաղերը: Տեղում հանդիպեցի և զրուցեցի վանական համալիրում ծառայություն իրականացնող հոգևորական Հայր Ավետիկի հետ, ով պարզվում է մեղմ ասած՝ անկարող է եղել կանխելու կատարվող վանդալիզմը...
ՀՀ մշակույթի նախարարության և հատկապես նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և վերականգնման գծով փոխնախարարի դիրքորոշմանն ենք սպասում, ոստիկանությունը քաղաքապետարանի հետ պետք է պարզաբանումներ մտցնեն, ո՞ւմ թույլտվությամբ է տեղի ունեցել այդ վանդալիզմը: Ստեղծված իրավիճակը լրագրողական հետաքննության կարիք ունի, որը չի բացառվում անեմ ինքս, եթե պատկան մարմինները շատ արագ և պատշաճ լուծում չգտնեն ստեղծված իրավիճակի համար:
P.S. Ամոթ է, գոնե ՅՈՒՆԵՍԿՕ-ի վահանակը մի փակցրեք հենց մուտքի մոտ...
Նու Արդ. Ֆեյսբուք: