Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է ռազմական նոր վարկ ստանալու հարցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է ռազմական նոր վարկ ստանալու հարցը. այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Նոր բանակցություններ այս պահին, այսպես ասեմ՝ տարբեր քննարկումներ ունենում ենք: Բայց որևիցե բան ֆորմալ դեռևս չունենք:
Նախնական պայմանավորվածություն բարձր մակարդակի ժամանակին եղել է, որ Ռուսաստանի հետ ներքին գներով մեզ ռազմամթերք մատակարարվի: Որպես ստրատեգիկ մեր գործընկեր համաձայնել էր, որ ներքին գներով դա մատակարարվի, և այդ շրջանակներում է բանակցությունները տարվում»,- ասել է նա` առանց մանրամասնելու, թե ինչ գումարի մասին է խոսքը:
Նախ նկատենք, որ Հայաստանի պետական պարտքը վաղուց ի վեր գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 140 մլն դոլար: Ու թեև իշխանությունները դեռ չեն բացահայտում նոր ռուսական վարկի չափը, բայց դժվար չէ ենթադրել` բավական կլորիկ գումար է լինելու: Անշուշտ, հանուն զինված ուժերի, արժի գնալ նման զոհողությունների. ի վերջո, բանակը նոր զինատեսակներով սպառազինելը պետության կարևորագույն խնդիրներից մեկն է: Բայց նախարարի հայտարարությունը հիշեցրեց ոչ վաղ անցյալում սպառազինություն գնելու համար ռուսական 200 մլն դոլարի հայտնի վարկի պատմությունը: Եթե հիշում եք՝ 2015թ. հունիսին ստորագրվեց այդ փաստաթուղթը, բայց տևական ժամանակ այն չէր իրագործվում, և միայն հաջորդ տարի իրականացվեցին զենքի մատակարարումները, այն էլ գործընթացն արագացնելու համար առիթ հանդիսացավ ապրիլյան չարաբաստիկ քառօրյա պատերազմը: Հիմա չի բացառվում, որ նոր վարկային համաձայնագրի ոչ միայն քննարկումները, այլև դրա իրագործումը ևս տևեն տարիներ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: