Հենց տեղում Վոլոդինի պատասխանը տրվել է, ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարց մեր օրակարգում չկա. Աշոտյան
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենը երկրում պաշտոնական լեզու դարձնել այն նպատակով, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիների պես իրենց երկրի վարորդական իրավունքներով ՌԴ-ում ազատ երթևեկեն:
«News.am»-ի փոխանցմամբ Ազգային Ժոողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հենց տեղում պատասխանել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանի իշխանություններին առաջարկել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: Արմեն Աշոտյանը նշել է, որ ինքը Վոլոդինի ելույթից հետո պատասխան ելույթով է հանդես եկել և շեշտել, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակագրում չկա և չի նախատեսվում:
«Այդ հայտարարությանը հայկական կողմը տեղում պատասխան է տվել: Ցավում եմ, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ հատվածական են ներկայացրել քննարկման բովանդակությունը: Այդ պահին Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի կողմից նման գաղափարի հնչեցման պարագայում պատասխան ելույթով հանդես եմ եկել ես և ընդգծել եմ, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակագրում չկա եւ չի նախատեսվում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների վավերական լինելուն, Արմեն Աշոտյանը նշել, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները պայմանավորվել են Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հետ կապված քննարկումները շարունակել խորհրդարանական այլ ձեւաչափերով. մասնավորապես՝ խորհրդարանական լսումների միջոցով՝ փորձելով փնտրել խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակաները:
Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:
2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։