ԼՂ-ին չաջակցել նշանակում է աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը. Յարոմիր Շտետինա
Չեխ լրագրող և Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան մեկնաբանել է «Ինտերպոլի» որոշումը, համաձայն որի կառույցը մերժել է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրախորհրդարանի երեք անդամներին ձերբակալելու խնդրանքը: Գրում է «Prague Monitor»-ը։
«Ադրբեջանի՝ Եվրախորհրդարանի անդամներին ձերբակալելու խնդրանքի նպատակը Լեռնային Ղարաբաղում աշխատող հարյուրավոր միջազգային փորձագետներին վախեցնելն է: Հայտնի է, որ ճնշումներն ու սպառնալիքներն ադրբեջանական բռնապետության սովորական գործիքն են», - ասել է Շտետինան:
Նրա խոսքով՝ ինքն ակնկալել է «Ինտերպոլի» այդ որոշումը, սակայն իրեն վրդովեցրել է ադրբեջանական իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Եվրախորհրդարանի երեք անդամները՝ ինքը, Էլենի Տեոչարուսը (Կիպրոս) և Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), պատասխանատու են տարածաշրջանում ռազմական լարվածության սրման համար:
Շտետինան նշել է, որ տվյալ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղին աջակցություն չցուցաբերելը հավասարազոր է Կովկասում խորհրդային էթնիկ քաղաքականության իրականացմանը համաձայնելուն, «ինչը նշանակում է՝ աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը»: