Եթե բոլորս ուզում ենք ապագա ունենալ, առաջին հերթին պետք է ՓՄՁ-ները զարգացնենք. Կարեն Ճշմարիտյան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարեն Ճշմարիտյանը, ով տարբեր տարիների զբաղեցրել է տարբեր անուններ ունեցող, բայց մոտավորապես նույն՝ էկոնոմիկայի ոլորտի զարգացման համար պատասխանատու գերատեսչության ղեկավարի պաշտոնը, «Փաստի» զբոսաշրջային ոլորտի աճի տեմպերի մասին հարցերին ի պատասխան նշեց, որ ներկայի թվային տվյալներին, հյուրանոցային համալիրների առաջարկին ու պահանջարկին վերաբերող տեղեկությունների այս պահին չի տիրապետում: Այդ իսկ պատճառով դժվարացավ որևէ գնահատական տալ ոլորտի մասին:
«Ընդհանուր դաշտը պետք է ուսումնասիրվի մասնագետների կողմից: Ես սովոր չեմ մարդկանց տպավորություններով կամ մեկ–երկու լսածով գնահատական տալ: Ընդհանուր առմամբ պայմաններ ստեղծվում են, որ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ գան Հայաստան, բայց ասել կամ գնահատական տալ, թե ինչպիսի գնային քաղաքականություն է վարվում, դա բավարա՞ր է, ոլորտի զարգացման համար, թե՝ ոչ, դժվար է ասել»,- ասաց Կ. Ճշմարիտյանը:
Նրա կարծիքով ընդհանրապես շուկան ինքն է որոշում, թե ինչպիսի գնային քաղաքականություն պետք է վարել: Եվ սա այն դաշտը չէ, որը մոնոպոլացված կամ կենտրոնացված լինի: Կ. Ճշմարիտյանի համոզմամբ, տվյալ ոլորտում չկա նման բան: Ընդհակառակը: Եվ այդ պատճառով էլ թե՛ ներգնա և թե՛ արտագնա տուրիզմի դեպքում գները ձևավորվում են միայն շուկայական հարաբերությունների և մրցակցային պայմաններում:
«Տեսեք ինչքան հյուրանոցներ կան: Եվ ինչքան ուզում են ասեն, թե մրցակցություն չկա, դա չի կարող այդպես լինել: Եվ եթե այս կամ այն հյուրանոցի ղեկավարությունը տեսնում է, որ իր մոտ այցելուների հոսք չկա, եթե իր ծառայությունների մակարդակով, իր դիրքով, իր ունեցած ենթակառուցվածքներով զիջում է մյուս հյուրանոցին, ապա բնականաբար ցածր գին է սահմանում, որպեսզի կարողանա հաճախորդ ունենալ: Ինչ վերաբերում է նույն հնարավորություններ ունեցող հյուրանոցներին, ապա նրանք անընդհատ իրար հետ մրցակցության մեջ են: Ուրիշ կերպ հնարավոր չէ»,- ասաց Կ. Ճշմարիտյանը:
Նրա կարծիքով այս դաշտը ոչ թե պետք է կանոնակարգել, այլ ավելի շատ հնարավորություններ ստեղծել զբոսաշրջիկների համար, որպեսզի նրանք կարողանան ընտրություն անել: Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որ հյուրանոցային համալիրների մենեջմենթն ավելի պրոֆեսիոնալ և ճկուն դառնա: Սա էլ հնարավորություն կտա զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ առաջարկներ ներկայացնել ու զարգացնել ոլորտը:
«Ճիշտ մենեջմենթի դեպքում հյուրանոցները կամ հանգստյան տները կկարողանան շուկայի պահանջներին ճիշտ արձագանքել: Այն հյուրանոցները, որոնք համաշխարհային ցանցի մեջ են ներառված, իրենց մենեջմենթը շատ որակյալ են իրականացնում: Ինչ վերաբերում է միջին սպառողի գրպանին հարմար առաջարկ ձևավորելուն, ապա այդ խնդիրը բավականին ժամանակ է կա և դեռևս ամբողջովին լուծված չէ: Այդ խնդրի լուծման համար հարկավոր է որակյալ մասնագետներ պատրաստել, այսինքն նրանց համար պատշաճ կրթություն կազմակերպել»,- ասաց Կ. Ճշմարիտյանը:
Նրա կարծիքով այդ խնդիրը բոլոր մասնագետներին է մտահոգում, քանի որ ժամանակակից, որակյալ ու ճկուն գնային քաղաքականություն վարելով միայն հնարավոր կլինի հյուրանոցային բիզնեսը զարգացնել, բայց ոլորտի բոլոր բացթողումներն իրենց օբյեկտիվ պատճառներն ունեն:
Զրույցի վերջում նա առողջություն և հաջողություն մաղթեց բոլորին և հավելեց, որ եթե բոլորս ուզում ենք, որ ընդհանրապես ներդրումներ լինեն, տնտեսությունը զարգանա և ապագա ունենանք, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
«Սա է տնտեսության աշխուժացման բանալին: Եվ եթե ձեռնարկատերը, ով համատարած եկամտի վերաբաշխման աղբյուր է, իր ամսական եկամտով իր փոքրիկ ներդրումը չի կարողանում անել իր երկրի տնտեսության մեջ, ապա պրոբլեմներն ավելանում են: Այս ամենից դուրս գալու միայն մի ձև կա՝ ՓՄՁ–ներին աշխուժացնել: Այսինքն, մենք նախ պետք է սպառող ստեղծենք: Տնտեսությունը մի օրգանիզմ է, իսկ այդ օրգանիզմի նշածս փոքր մասերը հանդիսանում են արյունատար անոթները, բջիջները, մոլեկուլները: Եվ եթե նրանք նորմալ վիճակում լինեն, ապա ամբողջ օրգանիզմը առողջ կլինի»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:
Ու եթե ՓՄՁ–ների զարգացումը համարվում է երկրի տնտեսության առաջին և ամենակարևոր շարժիչ ուժը, ապա երկրորդը ինովացիոն զարգացման հայեցակարգի ընդունումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել տնտեսության զարգացման ողջ գործընթացն առհասարակ, որը հարկավոր է օր առաջ ընդունել, համոզված է Կ. Ճշմարիտյանը:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: