Ռուսներն այդ հեքիաթները թող պատմեն իրենց В гостях у сказки հաղորդման ժամանակ. Արշակ Զաքարյան
Այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը կարծիք է հայտնել, որ բացասական է այն, որ որևէ երկիր այս պատերազմական իրավիճակում զենք է վաճառում Ադրբեջանին, լինի դա Ռուսաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, թե այլ պետություն:
«Սա նույնն է, որ մենք Ուկրաինային զենք վաճառենք: Երևի պիտի սկսենք վաճառել, մենք էլ բիզնես անենք…»,- ասաց Արշակ Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանի դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին:
Ինչ վերաբերում է ռազմական փորձագետների տեսակետին, թե «Սոլնցեպյոկ» տեսակի զենքը, որը ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին, Ղարաբաղի պարագայում աշխատող չէ, Արշակ Զաքարյանը չհամաձայնեց, ասաց, որ չաշխատող զենք չկա:
«Այդ զենքը անպետք չէ, դա չի նշանակում, որ մեզ այդ զենքով չեն վնասի: Դա ռուսական արդարացումներից մեկն է, որը իրենց մեդիայով շաղ են տալիս, որ ասեն՝ դե լավ, հայեր ջան, մի նեղացեք, դա ձեզ չի վնասի: Սովորական ատրճանակն էլ զենք է ու աշխատում է: «Սոլնցեպյոկ»-ը վատ զենք չի: Էդ ինչի՞ չի աշխատի, Արցախում դաշտավայրեր չկա՞ն… Ասեք մի ռելիեֆ, որ Արցախում չկա: Մենակ ծով չկա, «Սոլնցեպյոկ»-ն էլ ծովի համար չէ, ցամաքում աշխատող է, Արցախն էլ ցամաք է, իսկ ցամաքում այն հաստատ աշխատելու է: Այնպես որ, այդ հեքիաթները թող պատմեն իրենց В гостях у сказки հաղորդման ժամանակ»,- շեշտեց նա: