ԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների առանձին խմբի ստեղծումը կանխվել է 2 պատճառով. Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ բյուրոն 11 դեմ, 4 կողմ ձայներով որոշում է կայացրել հետաձգել թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների համատեղ խմբի ստեղծումը, ինչի առաջարկն արել էր ԵԽԽՎ-ում իտալացի պատվիրակներից մեկը: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ազատ դեմոկրատներ խմբում ճնշող մեծամասնությունը թուրքեր ու ադրբեջանցիներ են եղել, ինչպես նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցի հեղինակ, Բոսնիայի և Հերցոգովինայի խորհրդարանի պատգամավոր Միլիցա Մարկովիչը. «Ակնհայտորեն ուզում էին այդ խումբը ստեղծել ինչ-որ մարդկանց այդ տանիքի ներքո հավաքելու համար, սակայն որոշում կայացվեց հետաձգել այն երկու պատճառով: Նախ նշել էին, որ հունիսի 1-ից է այն ստեղծված համարվում, մինչդեռ այդ ժամանակ 17 անդամները այլ քաղաքական խմբի անդամներ էին: Երկրորդ, նրանք մեղադրեցին նաև հեղինակային իրավունքի խախտման մեջ՝ ասելով, որ լիբերալների խմբի կանոնադրությունն են կրկնօրինակել»:
Նշենք, որ հունիսի 26-ից Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում՝ հունիսի 28-ին, ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստից հետո որոշում կայացվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: