Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է Պտդումայի լրատվական ծառայությունը:
2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Լուծվում են նաև նյութատեխնիկական ապահովման ու տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերը:
«Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում և նպատակ ունի ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցել հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունները հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա:
Համաձայնագիրը ստորագրված է հինգ տարով՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: