2017 թ. առաջին հնգամսյակում հաշմանդամ չի ճանաչվել դիմած անձանցից յուրաքանչյուր հինգերորդը. օրինաչափությու՞ն, թե՞ կամայականություն
Ամիսներ առաջ զանգվածային լրատվության միջոցներով հաշմանդամություն ունեցող անձինք ահազանգեցին, որ բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կամ ստացել են հաշմանդամության ավելի ցածր կարգ՝ չնայած նրան, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա հաշմանդամության կարգ է սահմանվել, չեն վերացել, առողջության դրական տեղաշարժ ևս չի գրանցվել: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Այդ խնդրով մի շարք քաղաքացիներ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել: Կազմակերպությունը համապատասխան հարցումներ էր ուղարկել, աջակցել ԲՍՓՀ որոշումների՝ վերադասության և դատական կարգով բողոքարկման հարցում:
Հաշվի առնելով ահազանգերի մեծ թիվը՝ 2017 թ. մայիսի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև տեղեկատվության հարցում էր ուղարկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 2017 թ. 1-ին հնգամսյակում հաշմանդամության կարգ ստանալու հարցով դիմած անձանց, հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչված, վերափորձաքննություն անցած և դրա արդյունքում հաշմանդամ ճանաչված անձանց թվի վերաբերյալ:
Կազմակերպությունը տեղեկատվություն էր հայցել նաև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին հաշմանդամ չճանաչելու հիմքերի վերաբերյալ: