1.8 միլիարդի բաժնեմաս, առանձնատուն, ավտոմեքենաներ. Արգամ Աբրահամյանի ունեցվածը
Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածի և եկամուտների հայտարարագիրը:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարգրել է «MERCEDES-BENZ 500 S» և «RANGE ROVER SPORT» տեսակի մեկական ավտոմեքենա:
Հայտարարագրի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները» հատվածում Արգամ Աբրահամյանը նշել է, որ ունի 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ և 86 միլիոն դրամ արժողությամբ երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր, իսկ 5 հազար, 25 հազար և 25 հազար դրամ արժողությամբ էլ երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր:
Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) և աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 9.4 միլիոն դրամ: