ԵՏՄ համաձայնագիրը խախտվում է ի վնաս ՀՀ քաղաքացիների. Մարուքյանը՝ Տիգրան Սարգսյանին
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պտգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ հայտարարություն տարածելով այն մասին, որ ԵՏՄ համաձայնագիրը խախտվում է ի վնաս ՀՀ քաղաքացիների:
Հաղորդագրությունում ասվում է. «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Նշված հաղորդագրության մեջ մասնավորապես իմ կողմից բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր․
- ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին,
- չնայած ԵՏՄ շրջանակներում քաղաքացիների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքի սկզբունքին՝ 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` ՌԴ սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին,
- ՌԴ-ից ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ,
- ՌԴ-ում ԵՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև ՀՀ ոսկերչական հարգադրոշմերի ճանաչմանը,
- ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Թուրքիայից Ռուսաստան մի շարք պարենամթերքների ներմուծման արգելքի պատճառով ՌԴ մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների ստուգումներ, ինչը հակասում է ԵՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքին ու խոչընդոտում արտահանման զարգացմանը։
Վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունն իմ կողմից հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։
Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ»: