Հայաստանին ձեռնտո՞ւ է, որ նավթի գները ցածր լինեն
Այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նավթի գների անկմանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց. «Պարո՛ն Արամյան, նավթի գների անկման մասին լուրերը Հայաստանում տարբեր արձագանք են գտնում: Ուզում եմ հասկանալ՝ մենք ուզում ենք նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն»:
Հարցին նախարարը պատասխանեց. «Քանի որ մեր երկրի տրանսֆերտների 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից, ապա ես՝ որպես տնտեսագետ, կարծում են, որ մեզ համար ձեռնտու է, որ նավթի գները ցածր լինեն: Չնայած տրասնֆերտներն այդ դեպքում Ռուսաստանից կնվազեն, բայց կարծում եմ՝ դա կնպաստի, որ մեր տնտեսության զարգացումը հիմնենք արտադրողականության վրա, մյուս կողմից՝ նավթի գների ցածր լինելը ձեռնտու է նաև հումքային արտադրությամբ զբաղվողների համար»:
Վարդան Արամյանը նաև նշեց, որ Հայաստանի համար նավթի գների անկումը ցանկալի է նաև այն առումով, որ Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթային շուկայից ստացված եկամուտների վրա, իսկ վերջին տարիներին նավթի էժանացումն արժեզրկեց ադրբեջանական արժույթը: