ԱՄՆ մտահոգված է Ղարաբաղում զոհերի կապակցությամբ
ԱՄՆ մտահոգված է արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց եղան զոհեր: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նյուերթի պաշտոնական հայտարարության մեջ:
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը սրելուց և անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի հայտարարության մեջ կոչ են արել կողմերին քաղաքական կամք դրսևորելով բանակցություններ վերսկսել: Համանախագահներն ընդգծել են նաև, որ նման բանակցությունները միակ ուղին են տարածաշրջանի բնակչությանը տևական խաղաղություն բերելու համար, որն ակնկալում է և արժանի է հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացի: Միացյալ Նահանգները շարունակում է սերտ համագործակցել կողմերի հետ: Մեր տևական քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար մոտեցումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա»: